


Արմինֆո. Հայաստանի Ֆրանսիական համալսարանի համար պատրաստվում է զարգացման նոր ռազմավարություն: Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով ՝ ֆրանսիական կողմը կարևորում է Հայաստանի կրթական համակարգի զարգացման ռազմավարությանը համապատասխան գործունեությունը:
Կողմերը քննարկել են Հայաստանի Ֆրանսիական համալսարանի միջազգայնացման, վարկանիշավորման համակարգում նրա մասնակցության, բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակման, ինչպես նաև "Ակադեմիական քաղաք" ռազմավարական նախաձեռնության շրջանակներում նրա դերի ամրապնդման հարցեր:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, կարևորելով բուհի դերը Հայաստանի կրթական համակարգում, նշել է, որ կառավարությունը ջանքեր է գործադրում բարձրագույն կրթության համակարգի զարգացման ուղղությամբ:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոն 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանը ՝ կարևորելով Ֆրանսիական համալսարանի դերը ֆրանկոֆոն կամավորների ապահովման, ինչպես նաև այլ կամավորների ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպման գործում:


