
Արմինֆո.Հաստատվել է Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը: Ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, կգերազանցի 150 մլն դոլարը: Այդ մասին հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից։
«Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։
Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։
Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։ Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ», - ասվում է հղորդագրությունում։
«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար», - նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
Հաղորդագրության համաձայն, բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության աճող դիրքի ամրապնդմանը։
Կառավարության երկրորդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կառավարության 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, 51,270,840 դոլարով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող "Տանգո" ՓԲԸ - ին: Վաճառքի պայմանների համաձայն, գնորդը պարտավորվել է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել նաև ԱԳՆ նախկին շենքի վերանորոգումից հետո, այն դարձնել միջազգային հայտնի բրենդի հինգաստղանի հյուրանոց ՝ պահպանելով շենքի պատմամշակութային նկարագիրը:
Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանի կոնցեսիոն կառավարումն իրականացնող "Կորպորասիոն Ամերիկա" ընկերության սեփականատերն է: Նա Հայաստանում իրականացնում է նաև այլ խոշոր նախագծեր, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ։ Գործարարին է պատկանում "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ն (72,89%, Advanced Global Investments LLc` ղեկավար Էդուարդո Էռնեկյան):