


Արմինֆո.Հայաստանն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք իրանական ավիափոխադրողները խնդիրներ կունենան դեպի Հայաստան չվերթներ իրականացնելիս, հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները, որոնք վերաբերում են նաև ավիացիային:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շատ թափանցիկ է իր գործընկերների հետ և հնարավոր ամեն ինչ կանի՝ բարեկամական հարաբերությունները պահպանելու համար:
«Բայց կա գիծ, որը մենք չենք կարող անցնել․ Հայաստանն՝ ինքը, չպետք է ընկնի պատժամիջոցների տակ։ Այսինքն, մինչև այդ ռիսկի ի հայտ գալը մենք մնալու ենք բարեկամական հարաբերությունների տրամաբանության մեջ։ Բայց, եթե տեսնենք, որ ինքներս ենք պատժամիջոցների տակ ընկնում, մեզ ի՞նչ է մնում անել։ Ինչ - որ որոշում պետք է կայացնենք", - նշել է վարչապետը։


