
«Հայկական վերածնունդ՚ կուսակցությունը հանդես է եկել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հայտարարությամբ:
ՙԳաղտնիք չէ, որ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի բարելավումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և քաղաքական-հասարակական, և մասնագիտական դաշտի ամբողջ սպեկտրի մասնակցությամբ:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մի շարք դեպքերում եղել է ընդդիմության և իշխանության բանավեճերի պայմաններում՝ տարբեր ձևաչափերով: Խիստ տարօրինակ է, որ Ընտրական օրենսգրքի ներկա փոփոխությունների նախագծին մեր հասարակությունը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում անգլերեն լեզվով հրապարակումից հետո, ինչը անընդունելի մոտեցում է:
Այս գործընթացում հասարակության բոլոր շահագրգիռ ուժերին ներգրավելու համար անհրաժեշտ է, որպեսզի և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը, և ԶԼՄ-ները, և փորձագիտական հանրույթը կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Անհրաժեշտ է նաև, որպեսզի պարտադիր հաշվի առնվեն միջազգային կազմակերպությունների կարծիքները:
Ուստի «Հայկական վերածնունդե կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկաման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ սկսվում է ակտիվ քննարկումների շրջան, որը կտևի մինչև հունիսի 1-ը, երբ, Սահմանադրությունում փոփոխությունների համաձայն, նոր ԸՕ-ն պետք է ուժի մեջ մտնի: Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծով արգելվում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը:
Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, 41 ընտրատարածքի փոխարեն լինելու է 13 ընտրատարածք: Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101: Նախագծում նշվում է նաև, որ Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական փորձագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե կենսաչափական անձնագրերով և թե նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյոք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյոք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է կենսաչափական անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին: Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանինների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: