
ԱրմԻնֆո. Հայաստանում ևս մեկ տոն կսահմանվի՝ Պետական ծառայողի օրը։ Այն կնշվի հունիսի 23-ին և աշխատանքային օր կլինի։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։
Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պետական ծառայության վարչության ղեկավար Վաչե Քալաշյանը նշել է, որ Պետական ծառայողի օրը կոչված է ընդգծելու, որ բոլոր պետական ծառայողները մասնակցում են հանրային շահերի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։ Անկախ ծառայողի կողմից իրականացվող գործառույթի բնույթից՝ իրավապահ, վարչական, սոցիալական, վերահսկողական կամ հանրային նշանակություն ունեցող որևէ այլ գործառույթից, նրա գործունեությունն ի վերջո ուղղված է հանրային շահերի սպասարկմանը։ Հետևաբար անհրաժեշտ է առավել համապարփակ և համակարգային մոտեցում։ Այս գործունեությունը գնահատելու և պետական ծառայության դերն ընդգծելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ծառայության համար առանձին օր չսահմանել, այլ ունենալ մեկ ընդհանուր օր բոլոր պետական ծառայողների համար։ Այս մոտեցումը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ "Տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, բայց մեկ ընդհանուր պետական առաքելություն", ինչը համապատասխանում է ժամանակակից պետական կառավարման տրամաբանությանը, որի շրջանակում տարբեր պետական կառույցների գործունեությունը դիտարկվում է որպես կառավարման միասնական ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մաս։
Հարկ է նշել, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հայտարարել է Հանրային ծառայության օր։ Համաձայն նշված բանաձևի 3-րդ կետի՝ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին այդ օրը կազմակերպել հատուկ միջոցառումներ՝ ընդգծելու պետական ծառայության ներդրումը պետությունների զարգացման գործընթացում։
Օրինագծի ընդունումը կոչված է գնահատելու, խրախուսելու և ամրապնդելու պետական ծառայողների դերը երկրի կայուն զարգացման, պետական ծառայությունների արդյունավետ մատուցման, նորարարական մոտեցումների ներդրման և միասնական պետական քաղաքականության իրականացման գործում։