
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանին (ԿԿ-17) նախորդող առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՄԱԿ-ի ղեկավարը ելույթ կունենա առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը։ Գուտերեշը հանդիպման մասնակիցներին կհիշեցնի, որ աշխարհը ցնցում են հակամարտություններն ու բնական աղետները։
Նա կնշի, որ կենսաբազմազանության պահպանման խնդիրը մեկուսացված չէ, և կընդգծի ճգնաժամերի փոխկապակցվածությունը. դրանցից յուրաքանչյուրի կարգավորման առաջընթացը կախված է մյուսների հաղթահարման հաջողություններից։ Դիմելով կառավարություններին և ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներին՝ նա բոլորին կոչ կանի անհապաղ գործել՝ այնպես, ինչպես պահանջում է ներկա պահը։
ԿԿ-17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերի հետ Գուտերեշը կմասնակցի մամուլի համար նախատեսված միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվի "Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների վիճակը" զեկույցը՝ կենսաբազմազանության ոլորտում Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման առաջին գլոբալ գնահատականը։
Գլխավոր քարտուղարը նաև հանդիպումներ և քննարկումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների հետ։
Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 19-ից 30-ը։ Դրան կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և աշխարհի տարբեր երկրների ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։
Մասնակիցները կքննարկեն բնության պահպանման գլոբալ նպատակների իրականացման առաջընթացը, բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման հարցերը և էկոհամակարգերի պաշտպանության միջոցները։ Ֆորումը կդառնա տարվա խոշորագույն միջազգային բնապահպանական հարթակներից մեկը։