
ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։
Նրա խոսքով՝ 2009 թվականին հիմնադրման պահից Արևելյան գործընկերությունը հիմնված էր այն մոտեցման վրա, ըստ որի՝ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումներն ու առաջնահերթությունները։
Սակայն, շարունակել է նա, գրեթե երկու տասնամյակի ընթացքում խորքային աշխարհաքաղաքական, անվտանգային և հասարակական վերափոխումները էապես փոխել են Արևելյան գործընկերության գործառնության միջավայրը, իսկ նախաձեռնության վեց մասնակից երկրներն ընտրել են քաղաքական զարգացման և եվրոպական ինտեգրման տարբեր ուղիներ։ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այս իրադարձություններն անխուսափելիորեն կասկածի տակ են դրել գործընկերության միասնական մոդելի հիմքում ընկած նախնական հայեցակարգը։
Անդրադառնալով Արևելյան գործընկերության հետագա զարգացման վերաբերյալ Հայաստանի մոտեցմանը՝ հայ դիվանագետը նշել է, որ ԱԳ-ն պետք է շարունակի առանձնահատուկ նշանակություն տալ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ինստիտուցիոնալ կայունությանը։
"Հայաստանի տեսանկյունից Արևելյան գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական կառավարմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու գործում դրա ներդրումն է։ Այս բարեփոխումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն ավելի են մոտեցնում եվրոպական չափանիշներին, այլև
ուղղակիորեն ամրապնդում են մեր պետական ինստիտուտների կայունությունը, արդյունավետությունն ու լեգիտիմությունը։ Հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դարաշրջանում հուսալի և հաշվետու ինստիտուտներն ինքնին ռազմավարական նշանակության ռեսուրս են։ Երկրորդ՝ Հայաստանի փորձը վկայում է Եվրոպական միության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում յուրաքանչյուր գործընկեր երկրի ձգտումներն ու հավակնությունների մակարդակը հաշվի առնելու կարևորության մասին", - նշել է նա՝ ներկայացնելով Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության զարգացման ժամանակագրությունը։
"Արձագանքելով մեր հավակնություններին՝ Եվրոպական միությունը Հայաստանի հետ զարգացնում է ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն։ Թեև Հայաստանը դեռևս չունի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իրականացվում է Հայաստանի դիմակայունության և աճի ծրագիրը։ Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք առաջընթաց վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում, իսկ ԵՄ-ի կողմից վերջերս ընդունված առևտրային ինքնավար միջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար", - նշել է նա։
Որպես ԱԳ-ի հետագա զարգացման վերաբերյալ հայկական մոտեցման երրորդ բաղադրիչ՝ Միրզոյանը նշել է փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և Հարավային Կովկասում փոխկապակցվածությունը հաշվի առնելը։
"Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համապատասխան, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ եվրոպական հարևանությանը հնարավորություն տալով հարմարվել էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին։
Հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոններն ու վերափոխումները՝ Հայաստանի փորձը վկայում է, որ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց փոփոխվող իրողություններին զարգանալու և հարմարվելու նրա կարողությամբ՝ հարևանության ընդհանուր շրջանակից վերածվելով ճկուն հարթակի, որը հնարավորություն կտա փոխկապակցել եվրոպական ինտեգրման տարբեր ուղիները, հաշվի առնել եվրոպական ինտեգրման տարբեր ձգտումներն ու ձևաչափերը՝ միևնույն ժամանակ իր հիմքում պահպանելով ժողովրդավարական սկզբունքները, համագործակցությունը, փոխկապակցվածությունն ու դիմակայունությունը։
Ի վերջո, վերաիմաստավորված Արևելյան գործընկերության նպատակը պետք է լինի ոչ թե անցյալի իրողություններին համապատասխան ձևավորված մոդելի պահպանումը, այլ ներկայիս հնարավորությունների լիարժեք իրացմանն ուղղված կառույցի ձևավորումը, որը բավականաչափ ճկուն կլինի՝ տարբեր ուղիներն ու մոտեցումները հաշվի առնելու համար, և միևնույն ժամանակ բավականաչափ հավակնոտ՝ մեր տարածաշրջանների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար",- ամփոփել է նա։