


ԱրմԻնֆո. Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը որպես բանախոս մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Քննարկումն անցկացվել է Chatham House-ի կանոններով՝ բարձրաստիճան դիվանագետների, քաղաքական գործիչների և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ։
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության (ԱԳ) ապագային և դրա վերափոխման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և անվտանգության իրողությունները, ինչպես նաև ԵՄ երկրների ձգտումներն ու առաջնահերթությունները։
Այլ հարցերի թվում քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը, արժեքների վրա հիմնված համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ավելի ճկուն և նպատակային մեխանիզմների մշակման կարևորությունը։


