


Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։
Հայաստանի ԱԺ հաղորդագրության համաձայն, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորված հարաբերությունների ընթացքի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


