
Արմինֆո.Ռուսաստանը բազմիցս տարբեր մակարդակներով ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պատրաստ է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում։
"Մենք բազմիցս և նախագահի շուրթերով, և արտաքին գործերի նախարարության մակարդակով ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունել ենք պայմանավորվածությունը, որը կնքվել է Վաշինգտոնում, և մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին և բազմիցս ասել ենք այդ մասին", - հայտարարել է Լավրովը՝ ի պատասխան "Թրամփի երթուղի" (TRIPP) նախագծի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հայտնելու խնդրանքին:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսական երկաթուղիները կոնցեսիա ունեն և աշխատում են Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղու շրջանակներում: "Այդ ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է։ Այն տեխնոլոգիապես սպասարկվում է մեր կողմից։ Առայժմ մենք որևէ դիմում չենք ստացել "Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի" նախագծին մասնակցելու վերաբերյալ։ Բայց մեր հնարավորությունների և մեր պատրաստակամության մասին բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն", - ասել է Լավրովը։ Այդ առումով նա նաև հիշեցրել է "3+3" տարածաշրջանային հարթակի մասին, նշելով, որ այժմ այդ հարթակի մասնակիցները սպասում են, թե երբ Հայաստանը և Ադրբեջանը կպայմանավորվեն այդ խմբի հաջորդ հանդիպման անցկացման վայրի մասին։
"Ես կարծում եմ, որ հաջորդ հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հետո՝ Երևանում, դա ճիշտ կլիներ։ Ես ինչու եմ հիշատակում այդ հարթակի մասին, որովհետև այն համապարփակ է և նվիրված չէ որևէ մեկ նախագծի, որը նախատեսվում է իրականացնել ընդհանուր տարածաշրջանային համատեքստից դուրս։ Ուստի, ևս մեկ անգամ կրկնեմ․ մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած "3+3" նախագծին", - ամփոփել է Լավրովը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։