


Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Պարոն Իգնացիո Կասիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավար Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։


