


Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Վեհափառ հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Նորին սրբությունը կարևորել է նաև կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և ի նպաստ միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։
Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ Հայոց հայրապետը գնահատել է «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։ Նորին սրբությունը, անդրադառնալով «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ընդգծել է, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։
Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները, հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն։
Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին աշխարհասփյուռ հայության կյանքում Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, միջկրոնական հարաբերություններին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։


