


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:
Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը՝ մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության առումով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ: Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը:
Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:


