


Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ հանդիպմանը քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
COP17-ին ընդառաջ շրջակա միջվայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է նաեւ Օմանի Սուլթանության շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահ Աբդուլլահ Ալիի հետ։ Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, էկոհամակարգերի վերականգնման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև COP17-ի օրակարգին՝ կարևորելով միջազգային համագործակցությունն ու համատեղ ջանքերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու գործում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը:


