


ԱրմԻնֆո. Վաղ առավոտից Ստեփանավանում զանգվածային խուզարկություններ և «Ուժեղ Հայաստան» շարժման ու գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների ձերբակալություններ են իրականացվում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Հայաստանի խորհրդարանի՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ «Իշխանությունների գործողությունները չափազանց կանխատեսելի են, սակայն տեղի ունեցողն արդեն դուրս է գալիս ողջամտության սահմաններից. երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունը և այսօրվա օրենքի աղաղակող խախտումները դրա վառ ապացույցն են»,- գրել է պատգամավորը։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետն առաջարկել էր անձամբ իրեն գրել այն քաղաքացիներին և համայնքների ղեկավարի թեկնածուներին, ովքեր ՏԻՄ ընտրություններում ենթարկվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի ճնշմանը։ Սակայն արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Հավելենք, որ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Արսեն Գևորգյանի թեկնածությունը։ Հավելենք, որ Ստեփանավանը Հայաստանի այն եզակի համայնքներից է, որտեղ Փաշինյանի իշխող ուժը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում լուրջ պարտություն է կրել՝ քաղաքացիների շատ ցածր աջակցությունը ստանալով։


