
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները բռնապետության դրսևորում են անվանել և համայնքի բնակիչներին կոչ արել չտրվել Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշմանը և մասնակցել հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։
Նման հայտարարությամբ քաղաքական ուժը հանդես է եկել Facebook-ում՝ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժման համակիրների՝ առավոտից իրականացված խուզարկություններից և ձերբակալություններից հետո։ «Այսօր մենք ականատես եղանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրական գործընթացների խախտումների հերթական դրսևորմանը։ Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և նրա 14 համակիրները»,- հիշեցրել են կուսակցությունում։
«Ուժեղ Հայաստանում» ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ դրա համար իշխանություններն օգտագործել են թաքնված տեսախցիկների տեսագրությունները և տարածել մոնտաժված տեսանյութեր։ «Սա ժողովրդավարություն չէ։ Սա օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր պրակտիկա է՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու համար, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն։ Մենք ականատես ենք լինում աշխատանքի նույն հակաժողովրդավարական ոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատում էին Փաշինյանի իշխանությանը հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջին զեկույցի համաձայն՝ ընտրատեղամասերի գրեթե կեսում խախտումներ են արձանագրվել։ Փաշինյանը խոսում է ժողովրդավարական ընտրությունների մասին, սակայն նրա գործողությունները բնորոշ են բռնապետին»,- կարծում են կուսակցությունում։
Քաղաքական ուժում ընդգծել են, որ այդ ձերբակալությունները ոչ միայն հակաժողովրդավարական են, այլև հակասում են փոփոխությունների ձգտող Ստեփանավանի քաղաքացիների շահերին։ «Ուժեղ Հայաստանում» համոզմունք են հայտնել, որ այդ կերպ Փաշինյանը ձգտում է ամբողջությամբ վերահսկել Հայաստանը, որպեսզի կարողանա կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բոլոր պահանջները և գնալ նոր զիջումների։ Հայաստանի համար այդպիսի ոչ շահավետ զիջումներից մեկը կուսակցությունում անվանել են «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագիծը՝ նշելով, որ այն ծառայում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի շահերին։ «Նման զիջումները խաղաղություն չեն բերի, այլ միայն կհանգեցնեն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի։ Փոփոխություններ լինելու են, դրանք մոտ են՝ չնայած Փաշինյանի գործողություններին։ Մենք կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենալ և մասնակցել քվեարկությանը։ Ձեր քվեն գաղտնի է, և հենց ձեր մասնակցության շնորհիվ փոփոխությունները կարող են սկսվել Ստեփանավանից»,- ամփոփել են կուսակցությունում։
Ավելի վաղ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում հայտնել էին, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է 14 անձ։ Գերատեսչության համաձայն՝ «կաշառքները բաժանել է Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն»։ Այդ կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն իր Facebook-յան էջում հայտնել էր, որ առավոտից Ստեփանավանում զանգվածային խուզարկություններ և գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժման համակիրների ձերբակալություններ են իրականացվում։ Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր անձամբ իրեն գրել այն քաղաքացիներին և համայնքների ղեկավարի թեկնածուներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի կողմից ճնշումների են ենթարկվում։ Սակայն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Հատկանշական է, որ այդ ամենը տեղի է ունենում Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ։