
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ձերբակալությունը պայմանավորված է գործող իշխանության թուլությամբ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ ուժեղ կառավարությունը նման մեթոդների չի դիմում։ Պատգամավորը վստահ է, որ իշխանությունները վախենում են ոչ այնքան իրենց թեկնածուից, որքան ընդհանուր իրավիճակից։ "Չէ որ Ստեփանավանի ընտրություններում պարտությունը չի նշանակի, որ նրանք, ընդհանուր առմամբ, կկորցնեն իշխանությունը և կհեռանան։ Նրանք, պարզապես, վախենում են ցանկացած գործողությունից, որը կարող է "ձնագնդի" էֆեկտ առաջացնել", - հստակեցրել է ընդդիմադիրը։
Միեւնույն ժամանակ, Ղազինյանը բարձր է գնահատում իրենց քաղաքական ուժի շանսերը ՏԻՄ ընտրություններում։ Նրա խոսքով՝ դրանք ավելի կբարձրանան, եթե Հայաստանի իշխանությունները դադարեն մարդկանց ձերբակալել։ Խոսելով այն մասին, թե ինչպես է իրենց քաղաքական ուժը մտադիր մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ իրենց թեկնածուի կալանավորման դեպքում, պատգամավորը հաղորդել է, որ այդ թեմայի շուրջ քննարկումներ դեռ չեն եղել: Միեւնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը տեսնում է տեղի ունեցողը և սեփական հետևություններն է անում: Այսինքն, ինչպես պարզաբանել է պատգամավորը, նման գործողությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
Անդրադառնակով Ճշգրտող հարցին, թե արդյոք այլընտրանքային թեկնածու ունեն, Ղազինյանը բացասական պատասխան է տվել։ "Միաժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կենտրոնացած է ոչ թե երկրի անվտանգության հարցերի, տնտեսության և այլ կարևոր ուղղությունների վրա, այլ՝ քննչական և իրավապահ մարմինների աշխատանքի վրա: Հետաքրքիրը գիտե՞ք ինչն է: Ստացվում է, որ Փաշինյանն ամեն ինչ գիտի․ ինչ է լինելու, ում են բռնելու, ինչպես է դա լինելու։ Տեղի ունեցածի պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ արտաքին։ Միթե՞ չեք տեսնում, թե ինչ է կատարվում։ Թվում է, թե նույնիսկ նրա հովանավորները երես են թեքում նրանից ։ Չէ որ՝ երկու աթոռի վրա նստելու փորձը պատմության մեջ ոչ մեկին չի հաջողվել, և դա նրան էլ չի հաջողվի", - եզրափակել է Ղազինյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը Facebook-ի իր էջում հաղորդել էր, որ առավոտից Ստեփանավանում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" շարժման աջակիցների նկատմամբ: Ավելի ուշ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Ստեփանավանում կատարված խուզարկությունների փաստը, հաղորդելով, որ դրանք իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում, և արդեն ձերբակալվել է 14 անձ: Բերման ենթարկվածներից մեկը Ստեփանավան համայնքի ղեկավարի "Ուժեղ Հայաստան" կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանն է: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: