
ԱրմԻնֆո. Հայաստանում քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Այսպես է Amsterdam&Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մեկնաբանել Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի «Ուժեղ Հայաստան»ի թեկնածու Արսեն Գևորգյանի ձերբակալությունը։
«Ընդդիմադիր թեկնածուին ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել, իսկ դրանից հետո շարունակել աշխարհին պատմել հայկական ժողովրդավարության մասին․ սա է այն հակասությունը, որը մենք այսօր տեսնում ենք Հայաստանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անձամբ ներգրավվել է նախընտրական պայքարում․ վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային ցուցումներ, իսկ դրանից ժամեր անց իրավապահ համակարգը ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ սկսում է գործողություններ ընդդիմադիր ուժի դեմ։ Այս ձեռագիրը Հայաստանում արդեն ցավալիորեն ծանոթ է․ քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն», - գրել է Ամստերդամը Facebook-ի իր էջում։ Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ երբ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական ազդանշաններ է հղում, որոնց հաջորդում են իրավապահ գործողություններ, վտանգվում է հենց այն սահմանը, որը ժողովրդավարական պետությունում պետք է տարանջատի քաղաքական իշխանությունը իրավապահ համակարգից։ «Եվ նույնիսկ եթե ենթադրենք, որ կան ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ հետաքննության արժանի տեղեկություններ, դա միևնույն է չի պատասխանում ամենագլխավոր հարցին․ ինչո՞ւ հենց ընտրություններից մի քանի օր առաջ առաջացավ ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկելու անհրաժեշտություն։ Մեղադրանքը դեռևս մեղավորություն չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Եվ ի՞նչն էր խանգարում հետաքննությունն իրականացնել այնպիսի մեթոդներով, որոնք փաստացի չէին հեռացնի թեկնածուին նախընտրական պայքարից», - հարց է բարձրացրել փաստաբանը։
Ամստերդամի խոսքով՝ սա հատկապես սուր հարց է ընտրությունների ժամանակահատվածում, քանի որ պետության կողմից ցանկացած հարկադրանք կարող է անմիջական ազդեցություն ունենալ քաղաքական մրցակցության պայմանների վրա։ «Ժողովրդավարությունը վարչապետի հայտարարությունը չէ Facebook-ում։ Ժողովրդավարությունը պարզապես ընտրությունների անցկացման փաստի արձանագրումը չէ։ Ժողովրդավարությունը իշխանության սահմանափակումն է օրենքով և քաղաքական ընդդիմախոսի՝ իշխանության հետ ազատորեն մրցելու իրավունքը։ Փաշինյանը չի կարող անվերջ խոսել ժողովրդավարության մասին և ամեն անգամ քաղաքական մարտահրավերի բախվելիս փորձության ենթարկել դրա հիմնարար սկզբունքները։ Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ», - ամփոփել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի խորհրդարանի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն իր Facebook-ի էջում հայտնել էր, որ առավոտվանից Ստեփանավանում զանգվածային խուզարկություններ և «Ուժեղ Հայաստան» շարժման՝ գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների ձերբակալություններ են իրականացվում։ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում հայտնել են, որ «ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք ստանալու» մեղադրանքով ձերբակալվել է 14 մարդ։ Նրանցից մեկը Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանն էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանի որոշմամբ նա երկու ամսով կալանավորվել է։ Եվս 5 անձ երկու ամսով կալանավորվել կամ տնային կալանքի տակ է առնվել։
Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր իրեն անձամբ գրել այն քաղաքացիներին և համայնքների ղեկավարի թեկնածուներին, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ճնշումների են ենթարկվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի կողմից։ Սակայն նույն օրվա երեկոյան նա ինքն սկսեց սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, որոնք կկայանան հոկտեմբերի 25-ին։