
ԱրմԻնֆո. Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը շարունակում է փաստաթղթեր ուղարկել Հայաստան, սակայն հայկական կողմը չի մասնակցում դրանց քննարկմանը և որոշումների ընդունմանը։ Միևնույն ժամանակ Երևանը չի խոչընդոտում կազմակերպության աշխատանքին և չի առարկում մյուս պետությունների կողմից որոշումների ընդունմանը։
"Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, զորավարժություններին և նման այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ, այստեղ հենց ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածն է կիրառելի։ Սկզբունքորեն, նրանք դե ֆակտո արդեն իսկ դուրս են եկել", - նշել է Մասադիկովը։
Մասադիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարող են նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում քննարկել Հայաստանի անդամակցության հարցը։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկը կարող է ներկայացնել նախագահող երկիրը կամ կազմակերպության անդամ մեկ այլ պետություն։
Նա նաև պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ երկիրը ձայնի իրավունք չունի, եթե չի վճարում անդամավճարները և չի զբաղեցնում քվոտային պաշտոնները։ Միևնույն ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է կազմակերպության մշտական խորհրդի նիստերին, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր և հնարավոր որոշումներ։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ Կազմակերպությունը չի կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ իր պարտավորությունները, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։