


ԱրմԻնֆո։ Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի կործանման հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։ Այդ մասին պարզ է դառնում Ֆրանսիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի հաղորդագրությունից։
"Ֆրանսիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ Ժերոմ Բելանժեն և ռազմաօդային ուժերը խորին ցավակցություն են հայտնում ծառայողական պարտքը կատարելիս զոհված փոխգնդապետ Անտրանիգ Սարկիսյանի և լեյտենանտ Կվենտին Կլիշի ընտանիքներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Հոկտեմբերի 20-ին, մոտավորապես ժամը 22:40-ին, «Շամպայն» 2/3 էսկադրիլիայի Mirage 2000D կործանիչի գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ անձնակազմը կործանվել է Մյոռթ-է-Մոզել դեպարտամենտում",- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սպառազինության համակարգերի 44-ամյա սպան և շտուրման, փոխգնդապետ Անտրանիգ Սարկիսյանը 2022 թվականից ղեկավարում էր Սուիպում ցամաքային թիրախների ուղղությամբ հրաձգության զորավարժարանը։ Որպես որակավորված գլխավոր շտուրման՝ նա ունեցել է 2200 թռիչքային ժամ և կատարել 55 մարտական թռիչք (Աֆղանստան, Մալի, Նիգեր, Սուդան, Չադ)։


