


ԱրմԻնֆո. ԱՄՆ-ն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին մոտ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է փոխանցել։
Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, փոխանցումն իրականացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում։ Նշվում է, որ դա կօգնի արդիականացնել Հայաստանի Սահմանապահ զորքերը, ամրապնդել սահմանների անվտանգությունը և բարելավել մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը։
"Այս աջակցությունն արտացոլում է սահմանների կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության աջակցմանն ուղղված Միացյալ Նահանգների անփոփոխ հանձնառությունը, այդ թվում՝ "Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) ծրագրի շրջանակում",- հայտարարել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում։
Արարողությանը ներկա էին անվտանգության աջակցության ծրագրերի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Շոնա Ուիլսոնը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։


