
ԱրմԻնֆո. Հայաստանը շատ է տուժում անորոշությունից՝ չի ցանկանում խզել կապերը Արևելքի հետ, իսկ Արևմուտքին ինտեգրվել չի ստացվում, կարծում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Քաղաքագետը համոզված է, որ արդեն ժամանակն է կամք դրսևորել և որոշում ընդունել, դադարեցնել այս հավերժական բանավեճերը և գործով զբաղվել։
Փորձագետի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է հետևել Հայաստանի շուրջ տեղի ունեցող երկու կարևոր իրադարձությունների։
"Առաջինը՝ վերջերս հրապարակված ԵԱՏՄ շատ հստակ զեկույցն է, որում մանրամասն նկարագրվում են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։ Այնտեղ շատ տեղեկություն կա, լավը՝ շատ քիչ։ Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք նախազգուշացնում էինք՝ գազի գնի 60%-անոց թանկացում, ներմուծման և արտահանման 55-65%-անոց կրճատում, հայկական արտադրանքի նկատմամբ մաքսային վերահսկողության վերականգնում, Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի խստացում, ԵԱՏՄ-ից Հայաստան փոխանցումների կրճատում, ՀՆԱ-ի 15%-անոց անկում և այլն։ Այսինքն՝ այն ամենը, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք։ Այժմ դա հստակ արձանագրված է", - նշել է Խաչիկյանն իր՝ Telegram-ի ալիքում հրապարակած գրառման մեջ։
Նրա խոսքով՝ ասվել է նաև, որ Հայաստանը կարող է դուրս մնալ ԵԱՏՄ-ից՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին իր օրենքի հիման վրա, քանի որ միաժամանակ երկու մաքսային միությունների կազմում լինել հնարավոր չէ։
"Իսկ նման օրենքի ընդունումը նշանակում է հայտարարություն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Ամեն ինչ գնում է նրան, որ եթե Հայաստանում չանցկացվի հանրաքվե, որը կպարզաբաներ հայ ժողովրդի կարծիքն այս կարևորագույն հարցի վերաբերյալ, ապա որոշումն առանց Հայաստանի արդեն մինչև տարեվերջ կընդունվի։ Եվ իսկապես, Եվրաինտեգրման և ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին տարիներ շարունակ տարվող քարոզչությունից հետո պետք է կամ գնալ այդ ճանապարհով, կամ դադարել ժողովրդին կերակրել դատարկ հույսերով։ Ուզո՞ւմ ենք Եվրոպա։ Եկեք գնանք։ Մենք բոլորս "կողմ" ենք։ Եկեք հանրաքվե անցկացնենք, հստակ հայտարարենք այդ մասին և սկսենք ինտեգրվել Եվրոպային։ Ութ տարվա խոստումներից հետո կարող ենք մեր եվրոպացի բարեկամներին խնդրել բացել իրենց շուկաները մեր ապրանքների համար, մեր քաղաքացիներին տալ Եվրոպայում աշխատելու իրավունք, ապահովել մեր անվտանգությունը և՝ առաջ, դեպի Ելիսեյան դաշտեր", - նշել է քաղաքագետը։
Իսկ երկրորդ կարևոր իրադարձությունը, Խաչիկյանի կարծիքով, Եվրոպայում աննախադեպ բողոքի ալիքն է, որի էպիկենտրոնը Ֆրանսիան է։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպայում և ամբողջ աշխարհում արդեն խոսում են գլոբալիզմի պարտության, ազգային քաղաքականությանը վերադառնալու մասին։
"Իտալիայի առաջնորդ Մելոնին ելույթ է ունեցել այն մասին, թե ինչպես են ամբողջ Եվրոպայում բողոքի ակցիաները նշանակում ժողովուրդների՝ իրենց ազգային արժեքներին վերադառնալու ցանկությունը։ Ֆրանսիայում քաղաքականապես ծայրահեղ հակադիր ուժերի երկու առաջնորդներ՝ Մելանշոնը և Լը Պենը, իրենց նախընտրական ծրագիրը կառուցում են ֆրանսիացի արտադրողների, ֆրանսիական շուկայի պաշտպանության և ներգաղթի սահմանափակման սկզբունքների վրա։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մի աշխարհում, որտեղ ուժի կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք, մենք ասում ենք, որ ընտրում ենք արևմուտքը։ Մի աշխարհում, որտեղ Եվրոպան բռնկված է գլոբալիզմի և անվերահսկելի միգրացիայի դեմ բողոքի ցույցերի կրակով, որտեղ խոսում են երրորդ երկրներից ներմուծումը սահմանափակելու և սեփական արտադրողներին պաշտպանելու մասին, մենք հրաժարվում ենք արդեն իսկ ունեցած շուկայից և ձգտում ենք հայտնվել այնտեղ, որտեղ ցանկանում են փակել մեր առջև դռները", - նշել է Խաչիկյանը։
Ելնելով ասվածից՝ քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի ժամանակն է վերջնականապես կատարել իր ընտրությունը, փորձել գնալ սեփական ճանապարհով և սեփական փորձով որոշել, թե ինչն է իր համար ավելի լավ։ "Ժամանակն է դադարեցնել դատարկ խոսակցությունները և անցնել որոշումների ընդունմանը։ Կամ աջ, կամ ձախ։ Կամ դեպի արևելք, կամ դեպի արևմուտք։ Պետք է վճռական որոշում ընդունել", - ամփոփել է պրոֆեսորը։