


Արմինֆո. Կյանքի 87-րդ տարում մահկանացուն է կնքել Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ, ծաղրանկարների բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, "Գոլոս Արմենիի" խմբագրության երկարամյա աշխատակից Վլադիմիր Աբրոյանը: Նկարչի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Իռա Աբրոյանը։
"Երեկ կյանքքից հեռացավ հայրս՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ, համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր, երկրի ամենահայտնի ծաղրանկարիչ, զարմանալի մարդ՝ մեղմ, նրբանկատ, համեստ, շատ հեգնական, կենսուրախ։ Կարելի է անվերջ շարունակել, քանի որ նա բազմակողմանի տաղանդ էր՝ մուլտիպլիկատոր, դերասան, ծաղրանկարիչ, "Ոզնի" երգիծական ամսագրի գլխավոր նկարիչ, գրքերի ձևավորող ․.. Մարդ, ով ոսկե մեդալներ է նվաճել իր երկրի համար և բազմաթիվ պարգևներ՝ արտերկրում: Նա հանգիստ հեռացավ, բառացիորեն՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ նրան ասացին, որ թերթը, որին նա տվել էր իր կյանքի երկար տարիները, դեռ նրա "Կոմունիստ" (այժմ ՝ "Գոլոս Արմենիի") եղած ժամանակ, այլևս իր ծառայությունների կարիքը չունի։ Խորհրդանշական է... Հանգչիր խաղաղությամբ Վարպետ, հայկական ծաղրանկարի վարպետ, որն այսօր ճանաչում և գնահատում են ամբողջ աշխարհում՝ մեծապես քո վարպետության և շողշողացող հումորի շնորհիվ: Բայց դու ապրում ես և կապրես՝ քո երեխաների, թոռների և ծոռների մեջ, որոնցով հիանում էիր և սիրում: Եվ, իհարկե, քո աշխատանքներում, որոնք մերկացրել, ի ցույց են դրել աշխարհի ու մարդկանց բոլոր արատները, ծիծաղեցրել ու ուրախացրել են բոլորին, ովքեր տեսել են դրանք", - Facebook-ի իր էջում գրել է դուստրը։
Նշենք, որ Վլադիմիր Աբրոյանը 1960 թվականից տպագրվել է հանրապետական և միութենական հեղինակավոր պարբերականներում: Նրա ստեղծագործական բնութագրերով և կենսագրությամբ ծաղրանկարներն ընդգրկված են Թուրինի (Իտալիա) հումորի միջազգային հանրագիտարանում, ինչպես նաև ծաղրանկարների համաշխարհային անթոլոգիայում:


