


Արմինֆո. Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումներին և համատարած հետապնդումներին՝ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել չորս համայնքներում: Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ։
«Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները. Ծաղկաձոր՝ 15.4% (449 քվե), Մարտունի՝ 11.2% (2053 քվե), Արտաշատ՝ 10.6% (2925 քվե), Հրազդան՝ 9.6% (1736 քվե)։
Չնայած գրանցված աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը, ուստի շնորհակալ ենք այս պայմաններում մեզ քվեարկած յուրաքանչյուր քաղաքացու՝ աջակցության և վստահության համար։
Շնորհակալություն նաև չորս համայնքների ՀՅԴ կառույցների ընկերներին, թեկնածուներին ու թիմերին՝ նվիրումի ու կատարած հսկայական աշխատանքի համար։
ՏԻՄ ընտրությունների մանակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման և պայքարի շարունակության համար։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք աննահանջ», - գրել է Իշխան Սաղաթելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աչքի են ընկել մրցակցության բացակայությամբ և ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներով։ Ավելին, ընդդիմադիր ուժերը բողոքել են, որ Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց ընտրական իրավունքից, քանի որ սեզոնային աշխատանքի են մեկնում արտերկիր ։


