


Արմինֆո. Անվտանգության աջակցության ծրագրերի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնն այցելել է Հայաստան՝ առաջ մղելու հայ-ամերիկյան համագործակցությունը սահմանային անվտանգության, մաքսային համակարգի արդիականացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտներում, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, Տ-ն Ուիլսոնը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և ՀՀ այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման և սահմանային անցակետերի տեխնիկական հագեցվածության բարելավմանն ուղղված ջանքերը։
«Նա ՀՀ սահմանապահ զորքերի պաշտոնյաների հետ մասնակցեց ԱՄՆ-ի կողմից շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցների և մասնագիտացված սարքավորումների նվիրատվության արարողությանը, որը կնպաստի սահմանապահ ուժերի արդիականացմանը։
Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի ընթացքում տիկին Ուիլսոնը դիտարկեց ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ (3,5 միլիոն ԱՄՆ դոլար) գործարկված CertScan հարթակի աշխատանքը, որը սահմանային զննման տեխնոլոգիաները կապում է կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի հետ։
Այս ջանքերն արտացոլում են Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի սահմանային կառավարման կարողությունները, նպաստելու անվտանգ առևտրին և աջակցելու տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։


