


Արմինֆո. Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության: Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք: Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը: ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են», - գրել է նախարարը:
Նշենք, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, ժամը 19:40-ի սահմաններում: Մասնավորապես, Երևան - Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը: Ամուսնական զույգը տեղում մահացել է, իսկ նրանց հինգ անչափահաս երեխաները հոսպիտալացվել են, ընդ որում, երեքը ծայրահեղ ծանր վիճակում: Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ բժիշկները չեն կարողացել փրկել երեխաներից մեկի կյանքը։ Ընտանիքն ապրում էր Եղվարդում, եւ ողբերգական դեպքի օրը նրանք վերադառնում էին Գյումրիից։


