


ԱրմԻնֆո. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման աշխատանքները, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիմակայունության ամրապնդման աշխատանքներին, այդ թվում՝ առևտրի դիվերսիֆիկացմանը։ Միրզոյանն ընդգծել է հայկական ապրանքների համար առևտրային ինքնավարությանն ուղղված ԵՄ միջոցառումների մասին կանոնակարգի ընդունմամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացման կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդման և հետևողական ինստիտուցիոնալացման հնարավոր քայլերի, Հայաստանի մասնակցությամբ և «Խաղաղության խաչմերուկ» կառավարական նախագծի տրամաբանությանը համապատասխան տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնմանն ուղղված ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև բարձր մակարդակով առաջիկա շփումներին։


