


Արմինֆո. Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Իտալիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի (ECAD) միջազգային գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար-պատվիրակ Մարի-Պիեռ Վեդրենի հետ զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, խոսվել է ոստիկանության գվարդիայի կարողությունների զարգացման և փորձի փոխանակման մասին ։ Կարևորվել է համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ կանխարգելման գործում, այդ թվում ՝ իրավապահ գործունեության և թմրամոլության բուժման ոլորտում փորձի փոխանակումը:
Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դիանա Ջոնսոնի հետ հանդիպման առանցքում եղել են թմրամիջոցների առևտրում անչափահասների ներգրավվածության կանխարգելմանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները: Քննարկվել են բրիտանական կողմի մշակած արձանագրությամբ նախատեսված ընթացակարգերը, և փորձի փոխանակման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելա Միսաիլ-Նիչիտինիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրիպտոարժույթների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների բացահայտման հմտությունների զարգացմանը: Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների ներքին գործերի նախարարությունների կրթական հաստատությունների համագործակցությանը:


