


Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և "Որմնանկար - մոնումենտալ ժառանգություն" հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանների, մասնավորապես, որմնանկարների պահպանության նպատակով:
Համագործակցության շրջանակներում նախարարությունը կտրամադրի Հանրապետությունում նման որմնանկարների առկա ցանկը, ինչպես նաև սահմանված կարգով կուսումնասիրի դրանց մաքրման և ամրակայման գիտա-նախագծային փաստաթղթերը և կտրամադրի մասնագիտական եզրակացություն: Համաձայնեցված գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա նախարարությունը կտրամադրի որմնանկարների մաքրման և ամրակայման աշխատանքների իրականացման թույլտվություններ, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքում կցուցաբերի փորձագիտական-իրավական խորհրդատվական աջակցություն:
"Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն" հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կուսումնասիրի Վայոց Ձորի մարզի Սերս գյուղի 19-րդ դարի որմնանկարները, կպատրաստի դրանց մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթեր և կներկայացնի նախարարության համաձայնեցմանը:
Հիմնադրամը նաև սեփական միջոցների հաշվին կիրականացնի Հայաստանի տարածքում որմնանկարների համակարգված ուսումնասիրություն, ներառյալ դրանց նկարագրությունը, տեխնիկական վիճակի և պահպանության վտանգի աստիճանի գնահատումը, կփաստաթղթավորի դրանք և կկազմի ճշտված ցանկեր, որոնք կփոխանցի համապատասխան գերատեսչությանը:-


