
ԱրմԻնֆո. Հայ ազգային միջազգային կոմիտեն (ANC-International) հրապարակել է նոր հատուկ զեկույց՝ «Արդարադատություն, ադրբեջանական ոճով. Ռուբեն Վարդանյանի մեղադրանքը, դատավարությունը և դատապարտումը» վերնագրով:
Ըստ ANC-International-ի, զեկույցը մանրամասն իրավական գնահատական է տալիս Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությանը՝ բացահայտելով արդար դատավարության երաշխիքների լուրջ խախտումներ, դատարանի որոշման մեջ անհամապատասխանություններ և նրան ենթադրյալ հանցագործությունների հետ կապող ապացույցների բացակայություն:
Այն նաև ուսումնասիրում է միջազգային արձագանքները և կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդներին:
Ամբողջական զեկույցը կարող եք գտնել հետևյալ հղումով՝https://ancuk.org.uk/wpcontent/uploads/2026/10/20261027-Vardanyan_English_SpecialReport-fv.pdf.
Նշենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։ Մասնագետները գնահատում են, որ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր ադրբեջանական իշխանությունները հաստատում են 19 հայերի ներկայությունը նրանց գերության մեջ։ Ադրբեջանական գերության մեջ գտնվողների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ նախկին և ներկա ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Փետրվարին Բաքվի խամաճիկ դատարանը Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին կեղծ մեղադրանքներով դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Այսպես կոչված դատարանը մնացած արցախցիներին դատապարտեց մինչև 15 տարվա ազատազրկման։