


ԱրմԻնֆո. ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի թմրանյութերի վերահսկողության ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն և թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման և դեմ պայքարի գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլայի հետ։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հանցագործության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել սինթետիկ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ժամանակակից մեթոդներին, տեղեկատվության արագ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումներին։
Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հանցագործության դեմ պայքարում նորագույն տեխնոլոգիական լուծումների և առաջադեմ մեթոդաբանությունների կիրառման կարևորությունը։
Վիկտոր Ավիլան, իր հերթին, ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը ՀՀ իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը և համատեղ ծրագրերի ընդլայնմանը։


