
Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հիմնադրամի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստան կատարած այցը, փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՀՀ՝ որպես COP17 նախագահության առաջնահերթությունը՝ նպաստելու բնության պահպանության և վերականգնման համար ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը, ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։
Դեպի ծով ելք չունեցող երկրների կլիմայական խոցելիության համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել 2024թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին։ Երկուստեք ընդգծվել է աղետների ռիսկի արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ինչպես վտանգների գնահատման և կանխարգելման, այնպես էլ բնակչության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման միջոցով։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից հիմնադրամին ներկայացված՝ շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար բյուջեով առաջին ֆինանսավորման հայտի բովանդակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ապագա կլիմայական իրադարձություններին արձագանքելու ազգային կարողությունները ամրապնդելու տեսանկյունից։
Նշենք, որ FRLD-ն ՄԱԿ միջազգային կլիմայական մեխանիզմ է, որը ստեղծվել է կլիմայի փոփոխության տնտեսական և ոչ տնտեսական հետևանքների դեմ պայքարում զարգացող երկրներին օգնելու համար: Հայաստանը հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հայտ է ներկայացրել հոկտեմբերի վերջին։ Ինչպես հաղորդել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, երկիրը ներկայացրել է իր առաջին հայտը՝ 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի մարզերի համայնքների, տրանսպորտային ենթակառուցվածքների և գետային էկոհամակարգերի վերականգնման, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերելու նպատակով 6.8 մլն դոլար ներգրավելու նպատակով։