
Արմինֆո. Եթե ընդդիմությունը վստահ է, որ Հայաստանի ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, ապա թող այն հանրային դատին հանձնի։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակի կարծիքով՝ նոր սահմանադրության ընդունման գործընթացը փակուղի չի մտել, քանի որ, նրա խոսքով, հակառակ դեպքում, այդ հարցն այլևս չէր քննարկվի։ "Փակուղին մի իրավիճակ է, երբ հնարավոր սցենարներից ոչ մեկը չի քննարկվում։ Իսկ եթե սցենարները քննարկվում են, ուրեմն փակուղի չկա", - պարզաբանել է Ռուբինյանը։
Մեկնաբանելով ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ սահմանադրության վերաբերյալ ցանկացած առաջարկ, որն առաջ կքաշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրենց համար անընդունելի կլինի, ԱԺ նախագահը նշել է, թե խելամիտ չէ մերժել առաջարկը՝ առանց ծանոթանալու դրա բովանդակությանը: Ռուբինյանի խոսքով, այն փաստը, որ ընդդիմությունը որոշակի հարցեր է բարձրացնում նոր սահմանադրության համատեքստում, վկայում է այդ թեման քննարկելու նրա շահագրգռվածության մասին: Նա նաև մեկնաբանել է Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրությունն "Ալիևի սահմանադրությունն է": "Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևի առաջարկած սահմանադրությունը։ Առաջարկ կա հանրաքվեի միջոցով նոր ՀՀ սահմանադրություն ընդունել։ Հայ ժողովուրդը չի կարող քվեարկել մի սահմանադրության օգտին, որն իրեն չի պատկանում։ Ուստի, ես չեմ հասկանում ընդդիմության տրամաբանությունը. Ինչու՞ թույլ չտալ Հայաստանի քաղաքացիներին ինքնուրույն ընտրություն կատարել այդ հարցում",- հարցրել էց Ռուբինյանը։
ԱԺ նախագահն առանձին մեկնաբանել է Անկախության մասին հռչակագրի վերաբերյալ հարցը, նշելով, որ ՀՀ սահմանադրության նոր տեքստից հնարավոր չէ հանել դրա դրույթները, քանի որ խոսքը բոլորովին նոր փաստաթղթի մշակման մասին է: "Դրա համար, նորից կրկնեմ, եթե անգամ ընդդիմությունը դեմ է առաջարկվող նախագծին, անհասկանալի է, թե ինչն է խանգարում նրան այդ հարցը հանրաքվեի դնել և ժողովրդին ինքնուրույն կողմնորոշվելու հնարավորություն տալ։ Օրինակ, 2021 թվականին, չնայած պատերազմից հետո մեր ուժի խորհրդարանական մեծամասնության առկայությանը, Հայաստանում քաղաքական ճգնաժամ էր ստեղծվել։ Այն ժամանակ իշխող ուժը պարտավոր չէր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն որոշում կայացրեց քաղաքացիներին հնարավորություն տալ ինքնուրույն որոշել երկրի հետագա քաղաքական կուրսը։ Փաշինյանն այն ժամանակ հրաժարական տվեց, թեև ընդդիմությունը չէր ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այնուամենայնիվ, ժողովուրդն այն ժամանակ կայացրեց իր որոշումը", - հիշեցրել է Ռուբինյանը։
Նրա համոզմամբ՝ ներկա իրավիճակը որոշակիորեն նման է նրան։ Նման պայմաններում, ինչպես կարծում է Հայաստանի խորհրդարանի խոսնակը, վերջնական որոշումը պետք է կրկին տրվի քաղաքացիներին։ "Եթե քաղաքացիները որոշեն, որ Հայաստանին նոր սահմանադրություն պետք չէ, դա նախադրյալներ կստեղծի նոր քաղաքական իրավիճակի համար, ընդ որում ՝ ոչ բարենպաստ մեր իշխանության համար։ Չէ որ՝ այդ ժամանակ ընդդիմությունը կկարողանա իր դիրքորոշումը հիմնավորել նրանով, որ ժողովուրդը դեմ է մեր գլխավոր քաղաքական պարտավորություններից մեկին։ Եվ այդ ժամանակ նրանք նաև հիմքեր կունենան մեր հեռանալու պահանջներ առաջ քաշելու համար։ Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ այս իրավիճակում ընդդիմության գլխավոր զենքը ժողովրդին ընտրություն տալու հնարավորությունն է։ Եթե ընդդիմությունը վստահ է, որ Հայաստանի ժողովուրդը դեմ է այդ տեքստին, և որ՝ այն վատն է, թող հանրային դատին հանձնի", - ամփոփել է Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության նախագիծը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։ Իշխանության բարեփոխման գլխավոր խնդիրներից մեկը գործող ՀՀ սահմանադրության նախաբանից Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղման բացառումն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում են, որ նոր մայր օրենքի ընդունումը Հայաստանի ներքին գործն է ՝ ուղղված պետության երկարաժամկետ կայունությանը, այլ ոչ թե՝ զիջմաննը արտաքին պահանջներին: Սակայն, այդ պահանջը հաճախ հնչում է Բաքվից՝ Արցախի բռնազավթումից հետո։ Բաքվում պնդում են, թե, իբր, այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս և մյուս պահանջների կատարումը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես "խաղաղության պայմանագրի" կնքման նախապայման։
Նշենք, որ ՀՀ նոր սահմանադրության հաստատման համար անհրաժեշտ կլինի համազգային հանրաքվե անցկացնել, որի նշանակման մասին որոշումը պետք է կայացնի Հայաստանի Ազգային ժողովը պատգամավորների առնվազն երկու երրորդի ձայներով: Քանի որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար, այդ հարցն առաջ մղելու համար նրանք պետք է ստանան ընդդիմության աջակցությունը։