
Արմինֆո. Ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմադիր քաղաքական ուժերի դիրքորոշումը ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցի նկատմամբ։ ԱԺ "Հայաստան" խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդեցության դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշումներ ձևավորել:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այդ առնչությամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են լսում ։ "Ուզում եմ, սակայն, ընդգծել, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է սեփական խղճով և համոզմունքով, ինչպես նաև այն մանդատով, որը ստացել է ժողովրդից։ Հերթական անգամ հիշեցնում եմ․ մեզ մանդատ տալով ՝ Հայաստանի ժողովուրդը մեզ չի լիազորել ընդունել "ալիևյան սահմանադրությունը"։ Հետևաբար, ոչ մի ճնշում չի փոխի մեր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ։ Նման հայտարարություններով նրանք միայն հակաիրավական գործողություններ են հրահրում։ Ավելին, եթե դրա հետեւում քաղաքացիական բախումներ հրահրելու մտադրություն կա, ապա դա շատ բանի մասին է խոսում", - հայտարարել է Գրիգորյանը Հայաստանի օրենսդիր մարմնում լրագրողների հետ զրույցում։
Նա վստահեցրել է, որ իրենց քաղաքական ուժը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունների նման զարգացում թույլ չտա ։ Իսկ արձագանքելով 2018 թվի իրադարձությունները կրկնելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությանը ("թավշյա հեղափոխություն", որից հետո Փաշինյանը եկավ իշխանության - խմբ.)՝ խմբակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2018 թվի Փաշինյանն այլ բան է: "Այո, այսօր նա ունի վարչական ռեսուրս, սակայն ակնհայտորեն գերագնահատում է սեփական հնարավորությունները, հայտարարելով, թե ժողովուրդը դուրս կգա ընդդիմության դեմ։ Ստեղծված իրավիճակում հենց ընդդիմությունը պետք է քննարկումներ անցկացնի և որոշի, թե որն է լինելու իր առաջին քայլը։ 2018 թվին Փաշինյանի կոչով փողոց է դուրս եկել 100 հազար մարդ։ Այսօր իրավիճակը բոլորովին այլ է", - հայտարարել է Գրիգորյանը։
Ընդդիմադիր գործիչը նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է խորհրդարանում աննախադեպ կոնսենսուսի հասնեն, որպեսզի ապահովեն պատգամավորների ձայների 2/3-ը ՝ նոր ՀՀ սահմանադրության հարցը հանրաքվեի դնելու համար: "Մեր օգտին քվեարկած 150 հազար մարդ մեզ աջակցել է նաև այն պատճառով, որ մենք դեմ ենք Փաշինյանի և Ալիևի ծրագրի իրականացմանը։ Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է թույլ չտալ, որ այդ հարցը դրվի հանրաքվեի։ Պատահական չէ, որ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված է, որ առաջին փուլում հենց քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրավիճակը։ Եթե կա նման նախնական ֆիլտր, ուրեմն այն սկզբունքային նշանակություն ունի. քաղաքական ուժերը նույնպես պետք է ձևավորեն և արտահայտեն իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Ավելին, մենք միամիտ չենք և տեսել ենք, թե ինչպես են ընթանում խորհրդարանական ընտրությունները։ Մենք հասկանում ենք, թե խաղաղության և պատերազմի մասին ինչ հայտարարություններ են լինելու Փաշինյանի կողմից։ Մենք գիտենք, թե ինչպես կզարգանա այդ գործընթացը ։ Հաշվի առնելով ճնշման և վարչական ռեսուրսի օգտագործման հավանականությունը՝ չենք կարող համաձայնել մի ընթացակարգի, որի ելքը նախապես հայտնի է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ հարցը հանրաքվեի չդրվի", - ամփոփել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։ Ի սկզբանե իշխանությունները խոստացել էին մինչև խորհրդարանական ընտրությունները հրապարակել հիմնական օրենքի նախագիծը, հետո ժամկետներն անընդհատ հետաձգվում էին, հիմա վերջնաժամկետը նոյեմբերն է կամ դեկտեմբերը։ Ըստ հայտարարությունների՝ նոր սահմանադրության մեջ բացակայում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը, և դա՝ այն պայմաններում, որ հիմնական օրենքի նախաբանն անձեռնմխելի է և փոփոխման կամ բացառման ենթակա չէ: Ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ և արդեն բազմիցս ընդգծել է, որ չի սատարելու երկրի գլխավոր օրենքը փոխելու գործընթացին:
Նշենք, որ նոր ՀՀ սահմանադրության հաստատման համար անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե, որի նշանակման մասին որոշում պետք է ընդունի Հայաստանի Ազգային ժողովը՝ պատգամավորների, առնվազն, երկու երրորդ ձայներով: Քանի որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի ձայների 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար, այդ հարցն առաջ տանելու համար նրանք պետք է ստանան ընդդիմության աջակցությունը ։