
Արմինֆո.ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը՝ համապատասխան օրակարգը հաստատելիս: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի հարթակներում։
"Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, ուրեմն Հավաքական անվտանգության խորհրդում այդ հարցը կքննարկվի։ Կասեցման որոշումը՝ դա Հայաստանի որոշումն է։ Իսկ ահա մեր երկրների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա ՀԱԽ նիստից հետո", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Մասադիկովը։
Նա նշել է, որ կա ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացրած որոշման նախագիծ: "Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին ներկա լինելուն, բայց չմասնակցելուն", - հավելել է նա:
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածում ասվում է, որ "անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում Խորհուրդը որոշում է ընդունում կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաեւ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին ՝ մինչեւ պարտքի ամբողջական մարումը":
Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն վերադառնալու հնարավորություն չի տեսնում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։