
Արմինֆո. Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այդպես է արձագանքել "Ոուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ այն բանից հետո, երբ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել նրա տանը և ընտանիքի հետ կապված ևս 65 հասցեներում:
«Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։ Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով», - գրել է Քոչարյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի խոսնակ աղավնի Սուքիասյանը հաղորդել էր, որ վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում: Նա նշել էր, որ խուզարկություններ են իրականացվում նաև Կարապետյանի ընտանիքի հետ կապված այլ հասցեներում: Ավելի ուշ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հաղորդել էր, որ խուզարկություններ կատարվում են միաժամանակ 65 հասցեներում ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Սամվել Կարապետյանին։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու համար: Նրանից բացի ձերբակալվել է ևս 35 մարդ։
Հավելենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդելու դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշում ձևավորել: Բացի այդ, նա նշել էր, որ "իշխանությունները կարող են խորհրդարանական ընդդիմության համար այնպիսի առաջարկ ձևակերպել նոր սահմանադրության վերաբերյալ, որից նա չի կարող հրաժարվել":