
Արմինֆո.ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անհեթեթություն է որակել Սամվել Կարապետյանի կողմից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կարիքների համար ներգրավված միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ ընկերությունը պատկանում է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին: "Դա Կարապետյանի անձնական ընկերությունն է, 100 տոկոսով, այնտեղ ամեն ինչ նրան է պատկանում։ Այդ դեպքում սեփականատիրոջ կողմից ի՞նչ չարաշահումների մասին կարող է խոսք լինել", - հարց է ուղղել խմբակցության ղեկավարը։
Նրա կարծիքով՝ այս կերպ, պարզապես, փորձ է արվում ազդել մարդկանց էմոցիաների վրա, սակայն նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները լավ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում: "Ինչպես ասում են՝ մարդ լինի, հոդված կգտնվի", - հեգնել է Կարապետյանը։
Նա վերստին համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցողը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ընդդիմությանը համոզելու փորձի հետ՝ քվեարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին: "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարծում է, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կարող է օգտագործվել որպես բանակցային կետ: "Բայց վստահեցնում եմ, որ այդպես չի լինի։ Այդ մարդն այդպիսին չէ", - հայտարարել է Կարապետյանը։
Հարցին, թե արդյոքք ակնկալում է, որ իրեն նույնպես կարող են ձերբակալել, քաղաքական գործիչը նշել է, որ կարող են ձերբակալել ցանկացածին, սակայն, նրա խոսքով, իրենք պատրաստ են ամեն ինչի: Խմբակցության ղեկավարը նաև պատմել է, որ Սամվել Կարապետյանը մտադիր էր վաղը հանդես գալ առաջարկությամբ իշխանություններին, սակայն նրանից առաջ անցան: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչպես նշել է Կարապետյանը, հայտնի կդառնա ավելի ուշ։
Հիշեցնենք, որ "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի խոսնակ աղավնի Սուքիասյանը հաղորդել էր, որ վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում: Նա նշել էր, որ խուզարկություններ են իրականացվում նաև Կարապետյանի ընտանիքի հետ կապված այլ հասցեներում: Ավելի ուշ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հաղորդել էր, որ խուզարկություններ կատարվում են միաժամանակ 65 հասցեներում ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Սամվել Կարապետյանին։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու համար: Նրանից բացի ձերբակալվել է ևս 35 մարդ։
Հավելենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդելու դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշում ձևավորել: Բացի այդ, նա նշել էր, որ "իշխանությունները կարող են խորհրդարանական ընդդիմության համար այնպիսի առաջարկ ձևակերպել նոր սահմանադրության վերաբերյալ, որից նա չի կարող հրաժարվել":