
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ապահովեցին վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հաղթելով նույնիսկ այն նահանգներում և շրջաններում, որոնք երկար տարիներ քվեարկել էին հանրապետականների օգտին։ Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորեց դեմոկրատներին հաղթանակի կապակցությամբ՝ հասկացրեց, որ չի վիճարկելու հանրապետականների համար ձախողված ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Չնայած նրան, որ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում մի քանի տասնյակ շրջաններում, իսկ սենատորների ընտրություններում՝ երկու նահանգներում, ձայների հաշվարկը շարունակվում է, մյուս տեղամասերում նախնական հաշվարկն արդեն ընդհանուր պատկեր է տալիս քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնք, ամենայն հավանականությամբ, սկզբունքորեն չեն փոխվի։
Նախնական տվյալներով՝ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ստանում են մանդատների համոզիչ մեծամասնություն, որտեղ նրանց անհրաժեշտ էր հաղթահարել 218 մանդատի շեմը։ Այս խորհրդանշական սահմանն արդեն հաղթահարված է, չնայած նրան, որ մոտ 70 շրջաններում արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Արդյունքում, BBC-ի ամերիկյան գործընկեր՝ CBS հեռուստաալիքի գնահատականներով, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ առնվազն 245 մանդատ, իսկ հանրապետականները — առնվազն 166։ Դա հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթեցին ավելի քան 20 շրջաններում, որտեղ մինչ այժմ քվեարկում էին հանրապետականների օգտին։
Նաև, որքան արդեն կարելի է դատել, դեմոկրատները վերահսկողություն են ստանում Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ։ Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն արդեն ունեն համոզիչ մեծամասնություն՝ 100-ից 54 մանդատ։ Նախորդ կազմի մեջ դեմոկրատներն ունեին ընդամենը 47 մանդատ։
Այն, որ դեմոկրատները մեծամասնություն են ստանում վերին պալատում, պարզ դարձավ այն բանից հետո, երբ Այովայում կայացած ընտրություններում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես եկած բասկետբոլիստ, պարալիմպիկ մարզիկ և եռակի օլիմպիական չեմպիոն, դեմոկրատ թեկնածու Ջոշ Թուրեքը, ինչը Դեմոկրատական կուսակցությանը բերեց վերին պալատի 51-րդ մանդատը։
Շուտով պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության սենատորների թեկնածուները պարտվել են այն նահանգների մեծ մասում, որտեղ նրանց դիրքերը ավանդաբար ուժեղ էին։ Մի քանի նահանգներում նման արդյունքները շրջեցին հանրապետական թեկնածուներին աջակցության բազմամյա միտումը։
Այսպես, Կանզասում սենատոր ընտրվեց դեմոկրատ Ադամ Հեմիլթոնը, որը հաղթեց գործող սենատոր Ռոջեր Մարշալին։ Սա խորհրդանշական կարևոր հաղթանակ է Դեմոկրատական կուսակցության համար. դեմոկրատները գրեթե 100 տարի չէին ներկայացնում նահանգը Սենատում։