
Արմինֆո. Ուշի գյուղի մոտակայքում վթարի ենթարկված բեռնատարը Հայաստանում հաշվառած չէ և չունի հանրապետության պետական համարանիշներ, իսկ ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, պատշաճ կերպով կահավորված է եղել:
Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ հրապարակումներին ՝ կապված այն ճանապարհի վիճակի հետ, որտեղ տեղի է ունեցել 9 մարդու կյանք խլած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարը։
«Ի պատասխան մամուլում հրապարակվող ակնհայտ քաղաքական շահարկումների՝ տեղեկացնում եմ, որ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը եղել է երթևեկության նշաններով կահավորված, ինչն ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում:
Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել, արդյո՞ք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ: Բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը:
Ցավակցում եմ ողբերգական վթարի զոհերի հարազատներին, իսկ վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն», - գրել է նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ողբերգության վայրից ստացված կադրերի համաձայն, վթարի մասնակից դարձած բեռնատարն ունի ռուսական պետական համարանիշներ։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ԱրմԻնֆո-ին հաղորդել են, որ, ըստ նախնական տվյալների, բեռնատարի վարորդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:
Հիշեցնենք, որ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարը, որը հանգեցրել է 9 մարդու մահվան, տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի երեկոյան։ Ապարանից Երևան մեկնող կցորդիչով բեռնատարը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն, բախվել Jeep Compass, Opel Zafira և Chevrolet Volt մարդատար ավտոմեքենաներին, հողին հավասարեցրել ճամփեզրի վագոն-տնակը և դուրս եկել դաշտ: 8 հոգի տեղում մահացել են, մեկը՝ ավելի ուշ հիվանդանոցում է մահացել, ևս 3 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել "Արմենիա" բժշկական կենտրոն: Տուժածներից մեկի՝ բեռնատարի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է․ նա բազմաթիվ կոտրվածքներ ունի։ Ողբերգական դեպքի առթիվ Հայաստանի ՆԳՆ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մեքենաների սեփականատերերի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ շատ նախնական տվյալներով, վթարի պատճառը եղել է բեռնատարի տեխնիկական անսարքությունը: