
ԱրմԻնֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020-2023 թվականներին տեղի ունեցած գործընթացների համար ՌԴ-ին պատասխանատվությունը վերագրելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի փորձերին։
"Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Մոսկվա ժամանելուց առաջ որոշել է հայտարարել, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սուր փուլում։ Մեջբերում եմ. "Ես բառացիորեն ընկնում էի ռուսների ոտքերը և ասում էի. "Մենք ձեր եղբայրներն ենք, ձեր դաշնակիցները, կանգնեցրեք այս պատերազմը"։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը որևէ գործուն քայլ չէր ձեռնարկում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում մեր տղաները զոհվում էին"։ Չգիտենք, թե ում ոտքերն էր նա այն ժամանակ ընկնում, գուցեև շարունակում է դա անել առ այսօր։ Բայց հենց Ռուսաստանը և ոչ ոք այլ կանգնեցրեց տարածաշրջանում արյունահեղությունը", - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։
Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ հայտարարվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։
"Սրանք ոչ թե «վերացական քայլեր» էին, այլ կոնկրետ գործուն միջոցներ, որոնց նախորդել էին բարձրագույն մակարդակով բազմաթիվ շփումներ։ Արդյունքում տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը։ Մեր խաղաղապահները, այդ թվում՝ սեփական կյանքի գնով, ապահովում էին քաղաքացիական բնակչության անվտանգությունը, մարդասիրական օգնություն էին ցուցաբերում, զբաղվում էին ականազերծմամբ", - հավելել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2021-2022 թվականներին բարձրագույն մակարդակով ձեռք բերված հաջորդած մի շարք եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում խաղաղություն հաստատվեց։ Նրա խոսքով՝ ստեղծվել էր հայ-ադրբեջանական կարգավորման «ճանապարհային քարտեզ», որը ներառում էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և հումանիտար հարցերի լուծումը։
"Ընդգծեմ՝ այս բոլոր պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ, կողմերից և ոչ մեկը դրանցից դուրս գալու մասին չի հայտարարել։ Եվ այս պահին Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացը, որոնք այժմ նախընտրում են աշխատել անմիջականորեն, առաջ է շարժվում, այդ թվում՝ ռուսական միջնորդների առաջարկների հիման վրա։ Հիշեցնենք Սիմոնյանին նաև Պրահան։ Ավելի ճիշտ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, երբ Եվրոպական միության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածքի մաս։ Ռուսաստանի կողմից ինչ-որ չկատարված «գործուն քայլերի» մասին խոսելը և միաժամանակ ռուս խաղաղապահների ջանքերն ու զոհերը նսեմացնելը նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը", - ամփոփել է Զախարովան։
Նշենք, որ նոյեմբերի 7-ին Ալեն Սիմոնյանը սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անցկացված քննարկման ընթացքում Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հրահրման, Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում Հայաստանին օգնելուց հրաժարվելու մեջ և ՌԴ-ին է վերագրել Արցախի անկման պատասխանատվությունը։