
Արմինֆո. Հրապարակումից հետո ՀՀ նոր սահմանադրության տեքստը դեռ լինելու է նախագիծ, որը պետք է քննարկվի բոլոր հասարակական խմբերի հետ։ Այդ մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա պատմել է, որ նոր սահմանադրության տեքստի ավելի քան 90 տոկոսն արդեն քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ: Գալյանը ենթադրել է, որ մինչև տեքստի հրապարակումը տեղի կունենա խորհրդի հետ ևս մեկ նիստ։ "Տեքստի հրապարակումը նախատեսված է մինչև ամսվա վերջ, իսկ հնարավոր է՝ նաև կեսին, եթե չնախատեսված հանգամանքներ չառաջանան", - հավելել է նախարարը:
Արձագանքելով այն մեղադրանքներին, թե տեքստն ի սկզբանե նախատեսվում էր հրապարակել մարտին, նախարարը հավաստիացրել է, որ ոչ ոքի չի մոլորեցրել. մարտին տեքստն արդեն պատրաստ էր, սակայն հետաձգվել է դրա հրապարակումը: "Կարևոր է հասկանալ, որ հրապարակումից հետո նոր սահմանադրության տեքստը շարունակելու է մնալ նախագիծ։ Այդ իսկ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին քննադատաբար մոտենալ դրան՝ ուշադիր ուսումնասիրելով առաջարկվող դրույթները և ներկայացնելով իրենց դիտողությունները։ Մեր խնդիրն է հանրային լայն քննարկումների արդյունքում փոխհամաձայնության հանգել նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ, որը հետագայում կառաջարկվի հանրաքվեի դնելու համար", - պարզաբանել է Գալյանը։
Քննարկման գործընթացը կազմակերպելու համար, նրա խոսքով, կստեղծվի հատուկ հարթակ, որը հնարավորություն կտա հասարակայնությանը ծանոթանալ նախագծին և մասնակցել դրա քննարկմանը: "Այս գործընթացը շատ ժամանակ կպահանջի. անհրաժեշտ է մանրամասն պարզաբանել, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում, ինչով է պայմանավորված այս կամ այն դրույթների անհրաժեշտությունը։ Ուստի․ չեմ կարծում, թե մինչև տարեվերջ կհաջողվի նման մասշտաբի քննարկումներ անցկացնել։ Մեր նպատակն է հնարավորինս մանրամասն քննարկել նախագիծը բոլոր հասարակական խմբերի հետ։ Ես մշտապես շեշտը դնում եմ այն բանի վրա, որ խոսքը հենց ՀՀ սահմանադրության նախագծի քննարկման մասին է, որպեսզի ոչ ոք այդ գործընթացը չշփոթի հանրաքվեի հետ։ Այդ առնչությամբ ինձ համար անհասկանալի է, թե հատկապես ինչն է մերժում ընդդիմությունը, եթե նա դեռ չի ծանոթացել նոր սահմանադրության տեքստին", - եզրափակել է արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։ Ի սկզբանե՝ իշխանությունները խոստացել էին մինչև խորհրդարանական ընտրությունները հրապարակել հիմնական օրենքի նախագիծը, հետո ժամկետներն անընդհատ հետաձգվում էին, հիմա վերջնաժամկետը նոյեմբերն է կամ դեկտեմբերը։ Հայտարարությունների համաձայն, նոր սահմանադրության մեջ բացակայում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը, և դա այն պայմաններում, որ հիմնական օրենքի նախաբանն անձեռնմխելի է և փոփոխման կամ բացառման ենթակա չէ: Ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ և արդեն բազմիցս ընդգծել է, որ չի սատարելու երկրի գլխավոր օրենքը փոխելու գործընթացին:
Նշենք, որ նոր սահմանադրության հաստատման համար անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե, որի նշանակման մասին որոշում պետք է ընդունի Հայաստանի Ազգային ժողովը՝ պատգամավորների, առնվազն, երկու երրորդի ձայներով: 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի ձայների 2/3-ի մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար ։ Ուստի, այդ հարցն առաջ տանելու համար նրանք պետք է ստանան ընդդիմության աջակցությունը։