


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունեն երկու երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի:
Այսօր կայացած երկկողմ հանդիպմանը երկրների ղեկավարները քննարկել են հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առաջնորդներն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի շարունակման կարևորությունը և նշել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն ու առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային համագործակցության օրակարգին և կայուն խաղաղության ձեռքբերմանը: Զրուցակիցներն արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նշելով, որ այն նոր լիցք է հաղորդել տարածաշրջանում համագործակցությանը, առաջին հերթին՝ հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP նախագծի իրականացման միջոցով:
Թուրքական "Անադոլու" գործակալության փոխանցմամբ՝ թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հետախուզության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի մի շարք խորհրդականներ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է COP31 գագաթնաժողովի կազմակերպման կապակցությամբ և ցավակցություն հայտնել Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:


