
Արմինֆո. ReA Fest անիմացիոն ֆիլմերի եւ կոմիքսների արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 12-ին Կինոյի տանը տեղի կունենա ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի "Երկաթե տղան" (Le Corset) անիմացիոն ֆիլմի բարեգործական ցուցադրությունը, որից ստացված հասույթը կուղղվի երիտասարդ հայ ռեժիսոր Արթուր Սահակյանի բուժմանը: Ռեժիսորը պայքարում է սարսափելի հիվանդության դեմ և այս պահին գտնվում է արտերկրում ՝ բուժում ստանալու համար։
ReA Fest կինոփառատոնի բացման ժամանակ Անիմացիայի հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Առաքելյանը լայն հանրությանը հաղորդել է աայդ լուրը: Նշելով, որ բուժումը մեծ գումարներ է պահանջում, նա ընդգծել է, որ յուրաքանչյուրի աջակցությունը չափազանց կարևոր է լինելու: «Արթուրը շատ երիտասարդ է, բայց արդեն հասցրել է իր ֆիլմերով գրավել շատերի սրտերը: Եվ այս բարդ ժամանակաշրջանում, երբ ապագան անորոշ է թվում, մենք բոլորս Արթուրի նման լուսավոր մարդկանց կարիքն ունենք», - ասել է Առաքելյանը՝ խնդրելով ծափահարություններով աջակցել ռեժիսորին։
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը ևս հանդես է եկել Սահակյանի բուժման համար միջոցներ հավաքելու նախաձեռնությամբ: Կինոփառատոնի նախաձեռնությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 15-ին Կինոյի տանը կցուցադրվեն հենց Սահակյանի ֆիլմերը, և ստացված հասույթը կուղղվի բուժմանը: Համանման հայտարարություններով հանդես են եկել Կինոյի հիմնադրամը, Armenian Film Society-ն և այլն:
Արթուր Սահակյանին կարելի է աջակցել ReArmenia հարթակում՝ հետևյալ հղումով․ https://rearmenia.com/hy/fundraisers/help-save-arturslife?tab=story&fbclid=IwY2xjawVilgpleHRuA2FlbQIxMABwZG9mBWJyaWQRMWo
Նշենք, որ Արթուր Սահակյանը (ծնվ. 1994), հայ կինոռեժիսոր և սցենարիստ է։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ "կինոյի ռեժիսուրա" մասնագիտությամբ, ստացել կինոգիտության մագիստրոսի աստիճան: 2023 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է և Bars Media-ի տնօրենը: "Քամու հետ" (2018) և "Միայն երկուսով" (2025) վավերագրական ֆիլմերի հեղինակն է: Վերջինս 2026 թվականին արժանացել է "Ոսկե ծիրան" կինոփառատոնի Միջազգային ժյուրիի հատուկ հիշատակմանը և "Անահիտ" ազգային կինոմրցանակի շրջանակներում ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ: