


ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ մասնակցել է Չարլզ III-ի ծննդյան օրվան նվիրված ընդունելությանը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նորին Մեծություն Չարլզ III թագավորին ծննդյան պաշտոնական տոնակատարության կապակցությամբ և ընդգծել, որ Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը կարևոր հանգրվան է փոխշահավետ և բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում գրանցված դրական դինամիկայի վրա հիմնվելով՝ երկու երկրները կշարունակեն խորացնել և ամրապնդել համագործակցությունը՝ համատեղ ջանքերը վերածելով շոշափելի արդյունքների։


