
Արմինֆո.Ազգերի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ, սակայն այսօր միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի․ 2023 թվականին Արցախի ժողովուրդը, որը պայքարել է այդ հիմնարար իրավունքի իրացման համար, ենթարկվել է էթնիկ զտման։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Մոսկվայում "Հանուն ազգերի ազատության" շարժման գլխավոր վեհաաժողովի նիստում իր ելույթի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել էր "Եդինայա Ռոսիա" կուսակցությունը։
"Արցախի ժողովուրդը ստիպված է եղել լքել իր հողը, իսկ Արցախի ղեկավարներն այսօր ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում։ Նրանց ազատագրման համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը և պայքարում է նեոգաղութատիրության ցանկացած դրսևորման դեմ: Մեզ փորձում են ներշնչել, թե ազատությունը սեփական արմատներից, արժեքներից ու պատմությունից հրաժարվելն է", - նշել է Շարմազանովը։
Սակայն, ըստ հանրապետականի, ազգերի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու և անկախ պետություն կառուցելու իրավունքն է՝ իր ժողովրդի ինքնիշխան կամքի հիման վրա: Նրա խոսքով ՝ Արցախի ժողովրդի պայքարն ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքի համար է։ "Արցախն այսօր օկուպացված է, և Արցախի ժողովրդի պայքարն այսօր ազգերի ազատության համար է, իսկ ազգերի ազատությունը կհաղթի օկուպացիային",- ասել է նա:
Այնուհետև նա անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին և համոզմունք հայտնել, որ հանրապետությունը պետք է զարգացնի երկկողմ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև ակտիվորեն խորացնի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Նրա խոսքով ՝ նեոգաղութատիրության սպառնալիքները կանգնած են այսօր և անմիջապես Հայաստանի առջև։ "Ինտեգրման եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման կարգախոսների ներքո արտաքին ուժերը փորձում են մեր երկիրը դարձնել սուբյեկտայնությունից զուրկ լոգիստիկ կցորդ։ Այս գործընթացում լրջագույն ռիսկի գործոն է հանդիսանում, այսպես կոչված, TRIPP նախագիծը։ Տնտեսական բարգավաճման քողի ներքո առաջ մղվող միջազգային տարանցիկ նախագիծը Հայաստանի Սյունիքի մարզով կրում է սեփական ռազմավարական ենթակառուցվածքի, հողի եւ ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի վերահսկողության լիակատար կորստի անմիջական սպառնալիք՝ հօգուտ արեւմտյան անդրազգային կորպորացիաների եւ Բաքվի ու Անկարայի աշխարհաքաղաքական հավակնությունների", - ամփոփել է Շարմազանովը։