


ԱրմԻնֆո. ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ընտրության հարցը, ըստ էության, մեր ներքին գործընթացների արդյունքում դարձել է օրակարգի հարց, այսինքն՝ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղում։ Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին ճեպազրույցի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Մենք ինքներս ընդունում ենք, որ նման հարց լինելու է, և նման հանրաքվեի անհրաժեշտություն առաջանալու է, ու մենք դա նույնիսկ չենք թաքցրել։ Հարցն այն է, թե որքանով են հասունացել այդ հանրաքվեի ժամկետները և դրան ուղեկցող բովանդակությունը>, - ասել է կառավարության ղեկավարը։ Ինչ վերաբերում է այս տարվա դեկտեմբերին ՌԴ նախատեսվող այցերին, որոնց մասին վարչապետը հայտարարել էր Դուբլինում, նա հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին տեղի կունենա աշխատանքային այց, որի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեկտեմբերի 11-12-ին վարչապետների մակարդակով տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Իսկ եզրափակիչ այցի ընթացքում (դեկտեմբերի 22-ին) Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը։ <Նման հանդիպումներն ամեն տարի տեղի են ունենում դեկտեմբերի վերջին, և այս տարին բացառություն չէ>, - նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այցերի մասին նախապես հայտարարվել էր։ Այս կապակցությամբ վարչապետը հիշեցրել է, որ դեռ Բիշքեկում ՌԴ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ պետք է ևս մեկ հանդիպում տեղի ունենա ընթացիկ հարցերի քննարկման համար։


