
ԱրմԻնֆո. Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը՝ "Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի" (CEPA) շրջանակներում։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են CEPA-ի հաջող իրականացումը և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Հայաստանը և ԵՄ-ն մեծ նշանակություն են տվել կողմերի կողմից կիսվող ժողովրդավարական արժեքների հիման վրա գործընկերության հետագա ամրապնդմանը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնելու ընթացիկ տարվա մայիսի 5-ի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի Համատեղ հռչակագիրը և ողջունել են «Դիմակայունություն և աճ» 270 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի իրականացման գործում արձանագրված առաջընթացը, որն էլ ավելի է ամրապնդվել 18 միլիոն եվրոյով։ Կողմերը նաև ընդգծել են Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի ներդրումը Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության ամրապնդման գործում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, առևտրի, բյուջետային աջակցության և էներգետիկայի ոլորտներում աշխատանքի միջոցով։
Նշվում է, որ տնտեսական ոլորտում քննարկումները կենտրոնացած են եղել առևտրի դիվերսիֆիկացման հետագա խթանման, ԵՄ շուկա հասանելիության ընդլայնման, ԵՄ չափանիշներին համապատասխանության ապահովման և կարողությունների զարգացման վրա։ Կողմերն ընդգծել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Հայաստան-ԵՄ գործընկերության կարևորությունը և ողջունել են երեք առանցքային ոլորտներում՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մտքեր են փոխանակել հետազոտությունների և նորարարությունների, շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, քաղաքացիական պաշտպանության, կրթության, սպորտի, մշակույթի, զբաղվածության, սոցիալական քաղաքականության, վիճակագրության, մաքսային և հարկային ոլորտներում գործընկերության զարգացման շուրջ։
Հայկական կողմը ողջունել է էներգետիկ ոլորտում ԵՄ աջակցությունը, որը համապատասխանում է Հայաստանի առաջնահերթություններին։
Գործընկերության կոմիտեն քննարկել է օրենքի գերակայության ամրապնդման, արդարադատության համակարգում և իրավապահ մարմիններում բարեփոխումների խորացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։ ԵՄ-ն ողջունել է այս ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը և ընդգծել դրանց հետագա առաջխաղացմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը։ Կողմերը նաև ընդգծել են ակտիվ քաղաքացիական հասարակության, քաղաքական որոշումների կայացման գործընթացներում ներառականության ապահովման, ինչպես նաև հասարակական կյանքում քաղաքացիների մասնակցության համար բաց և բարենպաստ միջավայրի ստեղծման կարևորությունը։
Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործում արձանագրված առաջընթացը՝ վերահաստատելով ծրագրի բոլոր չորս ուղղություններով համագործակցությունը շարունակելու հանձնառությունը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում ՀՀ զինված ուժերին 30 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելը, և ընդգծել են այս ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։
Գործընկերության կոմիտեն նաև քննարկել է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համագործակցությունը և այդ համատեքստում ողջունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության աշխատանքի մեկնարկը։ Կողմերը վերահաստատել են Հայաստանում ԵՄ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանային կայունության և մարդկային անվտանգության գործում։
Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխգործակցության վերականգնման կարևորությունը՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև բոլոր մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքով։
Հանդիպումը համանախագահել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Աուդրոնե Պերկաուսկիենեն։