


ԱրմԻնֆո. Նոյեմբերի 15-ից 17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով, 9-րդ Ռեյկյավիկի գլոբալ ֆորումին իր մասնակցության շրջանակում, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարճ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոթիրի, Ավստրալիայի նախկին վարչապետ Յուլիա Գիլարդի, տարբեր երկրների նախարարների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, գենդերային հավասարության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Արփինե Սարգսյանն ընդգծել է միջազգային փորձի փոխանակման, համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ հատկապես նշելով կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեմ պայքարի հարցում Հայաստանի կառավարության անփոփոխ հանձնառությունը։
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է շարունակական երկխոսության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։


