
ԱրմԻնֆո. Ֆրանսիական Նիցցա քաղաքի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 19-ին բանաձև է ընդունել՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների՝ նրանց շնորհելով քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում։
Որոշման համաձայն՝ գերիներից յուրաքանչյուրին որպես խորհրդանշական կնքահայր կամ կնքամայր կցվում է քաղաքային խորհրդի անդամներից մեկը։
Քաղաքային խորհրդի անդամ Մարինա Պետրոսյանը, ով մասնակցել է քվեարկությանը, հայտնել է, որ դարձել է Ռուբեն Վարդանյանի խորհրդանշական կնքամայրը։
Նա ընդգծել է, որ այս որոշումը կարևոր բարոյական աջակցություն է գերիների և նրանց ընտանիքների համար, և հույս է հայտնել, որ խորհրդանշական ժեստը կվերածվի կոնկրետ իրավական գործողությունների։
Բանաձևն ընդունվել է Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ներկայությամբ՝ CDCA-ի ներկայացուցիչ Անքինե Կիրակոզյանի նախաձեռնությամբ։ Պետրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտիին և նախաձեռնությանը աջակցած քաղաքային խորհրդի անդամներին։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են, որ իրենց մոտ պահվում է 19 հայ։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։