
ԱրմԻնֆո. Այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում։ Այդ մասին նոյեմբերի 21-ին Digitec 2026 ցուցահանդեսի հարթակներում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանի հետ "Հայաստանի հնարավորությունները ԱԲ ոլորտում. տեսլականից դեպի գործողություն" թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, դեռ 8 ամիս առաջ հանրապետությունն էլեկտրաէներգիայի ավելցուկ ծավալներով պետություն էր, սակայն արդեն այսօր տվյալների կենտրոնների զարգացման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ: Փաշինյանը նշել է նաև արհեստական բանականության զարգացման առնչությամբ հասարակությանը հուզող հարցերը, ինչը կարող է հանգեցնել աշխատաշուկայի կրճատման: Բայց, մյուս կողմից, ինչպես նշել է վարչապետը, կարծիք կա, որ ԱԲ ոլորտի զարգացումը կարող է հանգեցնել բազմաթիվ նոր աշխատատեղերի, ինչը շատ կարևոր է: Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում են հանրությանը և երկրի իշխանություններին մտահոգող հարցեր: Միաժամանակ, նա հավելել է, որ նոր մարտահրավերների ի հայտ գալուց հետո՝ նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։ Շատ առումներով դա կարող է կախված լինել այս ոլորտում քաղաքականության մշակումից և կիրառումից։
Հայաստան հրավիրելով ներդրողներին՝ վարչապետը նշել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ հայկական պետությունը տեսանելի լինի համաշխարհային քարտեզի վրա: Այսօր շատերն արդեն ճանաչում են Հայաստանը՝ որպես ԱԲ զարգացման կարևոր վայր։ Հիշեցնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի մասին ՝ Փաշինյանն ընդգծել է, որ ԱԲ-ի ներդրմամբ երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ:
Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ, գործնականում, ոլորտներում արհեստական բանականության կիրառման հսկայական հնարավորություններ կան: "Բայց պետք է հասկանալ նաեւ մեր դիրքորոշումը, մեր քաղաքականությունը. չի կարելի մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ։ Մեր նպատակն այն է, որ, օգտագործելով ԱԲ-ը, մեր քաղաքացիների աշխատանքն էլ ավելի արդյունավետ դառնա։ Առաջին հերթին, խոսքն այստեղ պետական ծառայողների մասին է", - նշել է ՀՀ վարչապետը՝ կարևորելով նաև Հայաստանի գիտական ներուժի զարգացումը։ Առանց հզոր արդյունաբերության, ինչպես ընդգծել է վարչապետը, անհնար է ուժեղ գիտություն եւ հակառակը:
Փաշինյանը նշել է նաև, որ արևային էներգետիկայի բուռն զարգացումը հանգեցրել է երկրի էներգետիկ անկախության, որը դեռևս 10 տարի առաջ մեծապես կախված էր էներգառեսուրսներից: Էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը զուգընթաց այսօր խնդիր է դրված կառուցել նաև կուտակիչ կայաններ, որոնց բացակայության պայմաններում արևային էլեկտրակայանների արդյունավետությունը կիսով չափ նվազում է։